«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը, անվանի բռնցքամարտիկներ, մարզիկներ և մարզիչներ։
Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ մարզադպրոցը մշտապես բարձր է պահել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը.
«Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները բազմիցս ապացուցել են հայկական բռնցքամարտի բարձր կարգը՝ միջազգային մրցասպարեզում հպարտորեն ծածանելով մեր եռագույնը։ Այս առումով ցանկանում եմ հիշատակել բնագավառի այնպիսի նվիրյալների, ինչպիսիք են՝ Սուրեն Ղազարյանը, Ալբերտ Նիկոլյանը, Անդրանիկ Հակոբյանը, Աշոտ Ավետիսյանը, վերջերս Մինսկում կայացած Եվրոպական խաղերից մեդալներով վերադարձած Գոռ Ներսեսյանը և Կարեն Տոնականյանը: Վստահ եմ՝ Հայաստանի անունը հնչեցնողները տարեցտարի ավելանալու են, և պարբերական հաղթանակներն ու տիտղոսները դեռ երկար ժամանակ հպարտության զգացում են պարգևելու բոլորիս: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մարզիչներին տարիներ շարունակ մարզադպրոցի առաջատար դիրքը պահելու, նվիրյալ աշխատանքի և ուժեղ ու կամային մարզիկներ պատրաստելու համար»,- ասել է Ա․ Հարությունյանը՝ մարզադպրոցի անձնակազմին մաղթելով ուժ ու եռանդ, մարզիկներին՝ շարունակական նվաճումներ:
«Վլադիմիր Ենգիբարյան» ոսկե մեդալով պարգևատրվել են բռնցքամարտի աշխարհի մի շարք ներկայացուցիչներ։