Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որն առաջին անգամ հեռարձակվում է ՀՀ-ից:
Հեռուստամարաթոնին տեսաուղերձով է հանդես եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը և Կաթողիկոսն Ամենայն Հայոց:
«Սիրելի հավատավոր զավակներ՝ ի հայրենիս և ի սփյուռս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ձեզ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի առիթով:
Հայրենաշեն նոր նպատակների է ուղղվելու այս հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարը: Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում, Շիրակում և Արցախի մի քանի տասնյակ համայնքներում, իրականացվելու են ջրամատակարարման ծրագերեր: Արևային վահանակներ են տեղադրվելու մանկապարտեզներում, դպրոցներում, հիվանդանոցներում և համայնքային կենտրոններում՝ ապահովելով հանրային նշանակության այդ կարևոր հաստատությունները ջեռուցմամբ և էլեկտրաէներգիայով:
Մենք տարակույս չունենք, որ յուրաքանչյուր հայորդու հարազատ է մարաթոնի՝ «Ես իմ անուշ Հայաստանին» կարգախոսը, որն արտահայտում է հայրենիքի հանդեպ մեր ջերմ սերը և վառ ապագայի մեր տեսիլքները:
Մեր բնակավայրերի շենությունը միայն բնակչության բարօրություն ու առօրյայի դյուրություն չէ, այլև հայրենիքի սահմանների պաշտպանություն, ազատ, խաղաղ կյանքի պաշտպանություն, զարգացում ու առաջընթաց:
Սիրելինե՛ր, այսօր վերստին առիթ է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ներդրում բերելու Հայաստանի և Արցախի զորացմանը: Հայրապետական մեր հորդորն է ձեզ, որ նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ մասնակցեք հեռուստամարաթոնին և ձեր ազնիվ նպաստով սատարեք հայրենիքի շենացմանը, մեր քույրերի ու եղբայրների բարօր կյանքի կերտմանը:
Մեր աղոթքն է առ ողորմած Աստված, որ օրհնի Հայաստանն ու Արցախը, աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքը և հաջողություններ պարգևի հայրենաշեն ու ազգաշեն, նվիրական մեր բոլոր գործերին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները թող միշտ լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և հավիտյան: Ամեն»: