Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերացմանը, նշեց՝ այն նոր չի վերացվել, քանի որ ամիսներ առաջ արդեն հրապարակվել էր, որ ստացել են արտահանձնման մերժումը: Գլխավոր դատախազի խոսքով՝ դեռևս շարունակվում են քննարկումները գործընկերների հետ: Նկատի ունենալով, որ քրեական գործը բավականին ակտիվ փուլում է, Դավթյանը չբացառեց, որ նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ կունենան այդ առումով և հանցանքի ծանրության առումով հույս ունեն, որ գործընկերները արդարացի մոտեցում կցուցաբերեն:
«Նրա արտահանձնման խիստ անհրաժեշտությունը կոնկրետ իրավիճակով շարունակելու ենք հիմնավորել: Գործընթացում կան որոշակի պրոցեսներ, որոնք պետություններն իրենք էլ հրապարակելու արգելք ունեն. խոսքը ապաստանի մասին է: Միջազգային համապատասխան կոնվենցիաներն արգելում են ապաստան տված երկրին այդ փաստը հրապարակել: Փորձում ենք պատճառներն ավելի խորը հասկանալ»,- ասաց Դավթյանը: