Ադրբեջանի Միլի մեջլիսը ցրելու հարցի քննարկումը հետաձգվել է, այն նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 2-ին: Այսօրվա նիստին ներկա է եղել վարչապետ Ալի Ասադովը: Միլի մեջլիսը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկություն է արել իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը:
BBC-ն հարց է առաջ քաշել, թե ինչու է «Ենի Ադրբեջանը» նախաձեռնել Մեջլիսի լուծարումը, եթե խորհրդարանում մեծամասնություն է կազմում և այն ամբողջովին վերահսկում է: Նախաձեռնությունը տարբեր արձագանքներ է առաջացրել հասարակության շրջանում: Դիտորդների, փորձագետների կարծիքով պատճառն իշխանության ներսում առկա ճգնաժամն է:
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քաղաքականության մեջ թափանցիկություն չկա, և մենք չգիտենք, թե ինչ է կատարվում կառավարության ներսում: Ադրբեջանին ծանր ժամանակներ են սպասում»,- ասել է իրավաբան և փորձագետ Անար Մամեդլին: Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր թեկնածուներին դարձյալ թույլ չեն տա թափանցել խորհրդարան:
Ընդդիմությունը, սակայն, խորհրդարանի լուծարումը պատմական շանս է համարում ընդդիմության և ժողովրդի համար: Ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչ են արել բոլոր կուսակցություններին մասնակցել ընտրություններին: Նրանց կարծիքով՝ ընտրությունների արդյունքում երկիրը կա՛մ կդառնա ամբողջովին «ժառանգապետություն», կա՛մ ժողովրդավարական:
Ժողովուրդն էլ սոցիալական ցանցերում կատակում է ու հեգնում: «Եթե ամեն անգամ նույն մարդիկ են ընտրվում, ինչո՞ւ ավելորդ գումար ծախսել: Թող նրանց թողնեն այնտեղ 20 տարի ու վերջ»: