Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով որպես վկա հարցաքննվել էր։ Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Աշոտ Կարապետյանի, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահը կապված լինի «Մարտի 1»-ի գործի հետ, Դավթյանը նշեց, որ քրեադատավարական լեզվով դրանք կոչվում են վարկածներ, որոնք միշտ առաջադրվում են, և դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր գործողություններ կատարվում են։
«Մատնանշած անձանց մասով ես չունեմ գեթ մեկ փաստական տվյալ, որի վերաբերյալ ես անկեղծորեն կիսվեմ, և որն այդ վարկածի հաստատման օգտին կխոսի։ Ես հակված եմ բոլոր վարկածները ստուգելուն»,- նշեց Դավթյանը։
Հիշեցնենք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը մահացել էր Պյատիգորսկում՝ մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունից։