Հաշվի առնելով 2019 թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի հետ կապված հանրային մեծ հետաքրքրությունը՝ ՀՖՖ-ն ներկայացրել է ժողովի կազմակերպման, ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամության թեկնածությունների առաջադրման ժամանակացույցը:
ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամության համար թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետ է սահմանվել 2019 թ. դեկտեմբերի 2-ը ներառյալ: Մինչ սահմանված վերջնաժամկետը ՀՖՖ անդամ 34 կազմակերպությունները կարող են ՀՖՖ ներկայացնել նախագահի և գործկոմի անդամության իրենց թեկնածուներին՝ յուրաքանչյուր անդամ կազմակերպությունից յուրաքանչյուր պաշտոնի համար մեկական ներկայացուցիչ:
Մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ նույն անդամ կազմակերպությունները պետք է ՀՖՖ ներկայացնեն իրենց ներկայացրած թեկնածուների չդատվածության մասին տեղեկանքները, ինչպես նաև ժողովին մասնակից իրենց՝ քվեարկության իրավունք ունեցող մեկ և քվեարկության իրավունք չունեցող մինչև երկու պատվիրակների տվյալները:
Դեկտեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՖՖ-ն կստուգի ներկայացված թեկնածուների համապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթային փաթեթները ամբողջականացնելուց և թեկնածուների ցանկը վերջնականացնելուց հետո՝ դեկտեմբերի 6-ին` ՀՖՖ գրասենյակում, կհրավիրվի մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն թե՛ նախագահության, թե՛ գործկոմի անդամության համար ներկայացված թեկնածությունները և դրանց ներկայացրած անդամների անունները: Ընդ որում, կհրապարակվեն ոչ միայն վերջնական ցուցակում տեղ գտած թեկնածությունները, այլև այն թեկնածուները, ովքեր կանոնադրության պահանջներին չհապատասխանելու դեպքում դուրս կմնան վերջնական ցուցակից:
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուները դեկտեմբերի 7-21-ը ներառյալ հնարավորություն կունենան հրապարակայնորեն ՀՖՖ անդամներին և ֆուտբոլային հանրությանը ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը:
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ արտահերթ ժողովի նիստը, որի ընթացքում ՀՖՖ անդամ կազմակերպությունները քվեարկության միջոցով կընտրեն ՀՖՖ նոր նախագահ և գործկոմի նոր անդամներին: Ժողովի անցկացման տեղի, ժամի և օրակարգի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՖՖ-ն կհրապարակի և իր անդամներին կտեղեկացնի ժողովից առնվազն 10 օր առաջ՝ համաձայն ՀՖՖ կանոնադրության: