Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Նախագահ Սարգսյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով: Նա բարձր է գնահատել Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Խորհրդային Միության հերոս և հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանի գործունեությունը և վաստակը:
Նախագահն ասել է, որ լեգենդար հետախույզների կյանքը, որն օբյեկտիվ պատճառներով այնքան էլ հրապարակային չէր, գեղեցիկ և հերոսական պատմություն էր, որ լեցուն էր այնպիսի իրական դրվագներով, որոնք երբեմն աներևակայելի էին: Նախագահը Սարգսյանն անդրադարձել է նաև Գոհար և Գևորգ Վարդանյանների հետ անմիջական շփումներից ստացած իր տպավորություններին. Արմեն Սարգսյանը նրանց ճանաչում էր վաղուց և անձնական ջերմ հարաբերություններ ուներ:
Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին հուղարկավորել են Մոսկվայի Տրոյեկուրովյան գերեզմանատանը զինվորական կարգով՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ: