Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն առաջին անգամ ներկայացել է Պերվոմայսկի շրջանի դատարան, հայտնում է РИА Новости-ն:
Նրան դատարանի դահլիճ են բերել ազգային անվտանգության պետական կոմիտեի նախաքննության կենտրոնից հարկադրաբար՝ հայտարարել է փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Փաստաբանի խոսքով՝ Աթամբաևը բանավոր հրաժարվել է մասնակցել դատական գործընթացին, բայց դիմադրություն ցույց չի տվել ուղեկցող անձնակազմին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը սկսեց քննել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատման վերաբերյալ քրեական գործը: Մեղադրյալներից մեկը Աթամբաևն է: Դատական նիստն անցկացվում է փակ ընթացակարգով, լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դատարանի դահլիճ: Առաջին դատական նիստը չէր կայացել պետության նախկին ղեկավարի չներկայանալու պատճառով: