Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծախսման արդյունավետությունը լինելու է խիստ հսկողության տակ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ որևէ չարաշահում բացառվելու է։ Փաշինյանը վստահ է, որ հիմնադրամի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար հարկավոր է հրաժարվել սահմանափակ թվով մարդկանց խոշոր նվիրատվությունների տրամաբանությունից և անցում կատարել փոքր, բայց մեծ թվով մարդկանց նվիրատվությունների տրամաբանությանը։
Վարչապետը պատմել է, որ մտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք (himnadram.org) և օնլայն նվիրատվությունների հարթակի միջոցով կարգաբերել է, որ իր բանկային քարտից ամեն ամիս 10 հազար դրամ փոխանցվի հիմնադրամին։
Նիկոլ Փաշինյանը նաև ուղիղ եթերում նմանատիպ նվիրատվություն անելու կոչով դիմել է Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին։
«Հիմա եթե աշխարհում 5 միլիոն հայ անի այդ գործողությունը, ինչ ես եմ արել, մենք տարեկան կունենանք ոչ թե 13 միլիոն դոլար, այլ կունենանք 1 միլիարդից ավել գումար։ Մենք պետք է նաև մարդկանց ներգրավենք այս պրոցեսի մեջ։ Ես հիմա ուզում եմ ուղիղ եթերում մարտահրավեր նետել և դիմել կոնկրետ մարդկանց։ Ես դիմում եմ երեք հայի՝ առաջինը Սերժ Թանկյանին։ Սե՛րժ, մարտահրավերն ուղղված է քեզ, որպեսզի մտնես himnadram.org կայք և այնպես անես, որ քո քարտից ամեն ամիս 21 դոլար փոխանցվի հիմնադրամին։
Երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին։ Հարգելի՛ Քիմ, ես չգիտեմ, Դուք հիմա լսո՞ւմ եք ինձ, թե՞ չէ, բայց հույս ունեմ, որ Ձեզ տեղյակ կպահեն։ Խնդրում եմ՝ մտե՛ք himnadram.org կայք և կարգավորումներով պատվիրակեք, որ ամեն ամիս Ձեր քարտից 22 դոլար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Երրորդ մարտահրավերը՝ Ալեքսիս Օհանյանին։ Ալեքսիս, եղբա՛յր, չգիտեմ՝ դուք հիմա հետևո՞ւմ եք, թե՞ չէ, բայց համոզված եմ, որ այս ուղերձը կհասնի Ձեզ։ Ես Ձեզ մարտահրավեր եմ ուղարկում, որ մտնեք himnadram. org կայք և Ձեր քարտը կարգաբերեք այնպես, որ ամեն ամիս Ձեր քարտից 23 դոլար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Բայց շատ կարևոր է, որ այս պրոցեսը դուք անեք հրապարակային, և դուք էլ ձեր հերթին մարտահրավեր նետեք երեք ուրիշ հայի, որոնց դուք ճանաչում եք։
Եվ ընդհանրապես, բոլորը, ովքեր սա կանեն, ևս երեք հայի հրավիրեք, որ նման բան անեն։ Հիմա եթե մենք կարողանանք սա 5 միլիոն հայի շրջանակում տարածել, մենք կունենանք համահայկական բյուջե, որն անառարկելիորեն կծառայի Հայաստանի և Արցախի ու նաև սփյուռքի հզորացմանը։ Շատ կարևոր է, որ մենք այս պրոցեսը դարձնենք ներգրավվողական։ Հայ մեծահարուստները էլի կշարունակեն նվիրատվությունները, ես համոզված եմ»,- ասել է վարչապետը։