ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե Թուրքիան հրաժարվել է հավանություն տալ Ռուսաստանի հարձակման դեպքում Լեհաստանին և մերձբալթյան երկրներին պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի ծրագրին:
«Մենք ոչ միայն ծրագրեր, այլև մեր բոլո՛ր դաշնակիցներին պաշտպանելու կամք և ունակություն ունենք»,- ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, Ստոլտենբերգը խուսափել է Թուրքիայի հետ կապված հարցի ուղիղ պատասխանից և չի մեկնաբանել Reuters-ի տարածած այն լուրը, որում վկայակոչելով անանուն աղբյուրներին՝ գործակալությունը հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ում Անկարայի դեսպանը չի վավերացրել Ռուսաստանի հարձակման դեպքում Լեհաստանին ու մերձբալթյան երկրներին պաշտպանելու՝ Դաշինքի ծրագիրը:
Հիշեցնենք նաև, որ համաձայն ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի խոստովանության՝ միայն վերջին տարիներին ՆԱՏՕ-ն Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքներում ավելի քան 5 միլիարդ դոլար է ներդրել: