Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Մարիա Անսարն ու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խոսել են Արևմուտքի, ժողովրդավարության անկման և այն մասին, որ բոլոր այս արժեքները կորցնում են ազդեցությունը ժամանակակից աշխարհում՝ գրում է El Mundo-ն:
«Եթե կարծում եք, որ խնդիրը վերաբերում է միայն քաղաքական կուսակցություններին, դուք անտեսում եք այն, որ Եվրոպան ու Արևմուտքը անկում են ապրում: Դարեր շարունակ աշխարհի առանցքն անցնում էր Արևմուտքով, բայց այժմ այն դեպի Արևելք է տեղափոխվել: Մոլորակի յոթ միլիարդ մարդկանցից չորս միլիարդն ապրում է Ասիայում, իսկ կենտրոնում ՝ ընդամենը 800 միլիոնը: Մենք այլևս աշխարհի առանցքը չենք, և դրա համար կան ժողովրդագրական պատճառներ»,- ասել է Սարկոզին:
Չնայած՝ նախկին նախագահը չի հավատում միավորված Եվրոպային, որ բաղկացած է 27 երկրներից, սակայն, Եվրոպային հորդորում է փոփոխվող աշխարհում դուրս գալ անշարժությունից, որովհետև այս իրավիճակը նպաստում է անջատողական տրամադրությունների աճին, որոնք արդե՛ն իսկ տխուր հետևանքներ են առաջ բերել ԵՄ-ի համար:
Brexit-ի շուրջ առաջացած դրությունն, օրինակ, Սարկոզին անվանել է «խելագարություն, դրամա և պատմական հակասություն», որ խնդիր է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ամբողջ Եվրոպայի համար:
«Հին եվրոպական քաղաքակրթությունը դեռ երազանքներ ու հավակնություններ ունի: Նա չի՛ ցանկանում մեռնել»,- Սարկոզիի խոսքերն է մեջբերում El Mundo-ն:
Ի դեպ, Ֆրանսիայի նախկին նախագահն անդրադարձել է նաև Դոնալդ Թրամփին՝ նշելով, թե նրա ընտրությունն այդ պաշտոնում «շատ բան է ասում ամերիկյան հասարակության մասին»:
«Թրամփը ոչ թե Արևմուտքի անկման պատճառն է, այլ՝ ախտանիշը»,- հավելել է Սարկոզին:
Իսպանիայի նախկին վարչապետը համաձայնել է Սարկոզիի հետ՝ նկատելով, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում կառավարման ուղղահայաց համակարգից ՝ հօգուտ հորիզոնականի: Դրա վառ օրինակը բողոքի ցույցերն են Հոնկոնգում, Կատալոնիայում, Չիլիում և Կոլումբիայում:
«Մենք ընդհանուր ապստամբություն ենք ապրում համակարգի դեմ»,- ասել է Խոսե Մարիա Անսարը:
Իսպանիայի նախկին առաջնորդը ՆԱՏՕ-ի հարցն էլ չի շրջանցել և հայտարարել է, որ ԵՄ-ն առանց Դաշինքի չի կարողանա դիմակայել այնպիսի լուրջ մարտահրավերներին, ինչպիսիք՝ Brexit-ը, Ռուսաստանը, ահաբեկչությունն ու կիբերանվտանգությունն են:
«Բեռլինի պատի անկումից 30 տարի անց ազատականությունը կասկածի տակ է դրվում: Առանց Հյուսիսատլանտյան դաշինքի, առանց Հյուսիսային Ամերիկայի կայունության պահպանման հանձնառության՝ անհնար է պաշտպանել Եվրոպան: Ամենալավ բանը, որ կարող ենք անել, կրկին մտածելն ու ՆԱՏՕ-ն վերականգնելը կլինի»,- եզրափակել է Անսարը: