ՄԻԵԴ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Անդրեյ Ֆեդորովը հայտարարել է, որ Մոսկվան չի բողոքարկի Ստրասբուրգի դատարանի որոշումը, ըստ որի՝ ՌԴ կառավարությունը պարտավոր է իրավաբան Սերգեյ Մագնիտսկու հարազատներին 34 հազար եվրո վճարել:
«Սա մեզ համար ամենավատ որոշումը չէ»,- Ֆեդորովի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»՝ հավելելով, որ Ռուսաստանը պարտավորվել է այդ գումարը վճարել «սահմանված եռամսյա ժամկետում»:
Հիշեցնենք, որ ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացմամբ՝ հայտնի ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկին սրանից 8 տարի առաջ՝ 2009 թվականի նոյեմբերի 16-ին, իր մահկանացուն կնքեց ռուսական բանտում, ոստիկանության աշխատակիցների ծեծի և կտտանքների հետևանքով: Այդ գործն այնպիսի միջազգային հնչեղություն գտավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, իսկ 2012 թվականին Պետդեպարտամենտը հրապարակեց «Մագնիտսկու ցուցակը», որում ընդգրկված Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին:
Վաշինգտոնի պնդմամբ՝ դրանում ներառված անձինք, այս կամ այն կերպ, առնչություն են ունեցել ռուսական Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների այլ խախտումների։
Hermitage Capital-ն էլ հայտարարել էր, որ Մագնիտսկու մահվան ետևում կանգնած են այն ռուս պաշտոնյաները, որոնց բազմամիլիոնանոց խարդախություններն էր բացահայտել խիզախ իրավաբանը: