ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ ընկերությունը 2017 թ. մարտի 24-ին գնահատել է վերոնշյալ գույքի շուկայական արժեքը: Գնահատման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ այն կազմել է մոտ 8.3 մլն ՀՀ դրամ: Հիշյալ եզրակացությունը, սակայն, կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ: Մասնավորապես, եզրակացությունը չի հաստատվել ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ, իսկ եզրակացության այն մասը, որում արտացոլված են գույքի շուկայական արժեքին առնչվող հետևությունները, գնահատողը չի ստորագրել:
Պարզվել է նաև, որ գնահատման ծառայությունների ձեռքբերման հիշյալ գործընթացը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից պետք է իրականացվեր «Գնումների մասին» ՀՀ օրենքով և Կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան, սակայն գույքի գնահատումն իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի, մասնավորապես՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի: Այդ պայմաններում Կառավարության 2017 թ. ապրիլի 20-ի որոշմամբ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է գույքը մրցույթով օտարել՝ որպես մեկնարկային գին սահմանելով վերոնշյալ գնահատված արժեքը:
2019 թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած մրցույթի ժամանակ գույքն օտարվել է 4.7 մլն ՀՀ դրամով։ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից, սակայն, 2019 թ. նոյեմբերի 8-ին տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ 2017 թ. մարտ ամսվա դրությամբ գույքի հավանական շուկայական արժեքը կարող էր կազմել շուրջ 40 մլն ՀՀ դրամ կամ գնահատված արժեքից շուրջ հինգ անգամ ավելի։ Այսինքն՝ արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, ընկերությանը առաջարկել են իրականացնել գույքի գնահատման աշխատանքները: Իսկ վերջինս կազմել և ներկայացրել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող եզրակացություն, որով գույքի շուկայական արժեքը գնահատվել է հավանական շուկայական արժեքից շուրջ հինգ անգամ պակաս և օտարվել շուրջ 8.5 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է
քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՔԾ-ին: