Կառավարությունը գումար հատկացրեց շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին՝ Երևանում 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային աշխատանքների համար։
Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ:
«Նախագծով առաջարկում ենք 6 միլիոն դրամ փոխանցել Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու համար։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում»,- ասաց նախարար Գրիգորյանը։