Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրքոտ հայտարարություն է արել ի պաշտպանություն ՆԱՏՕ-ի՝ նշելով, որ Եվրոպան չի կարող իրեն պաշտպանել առանց ամերիկյան աջակցության՝ այդպիսով անուղղակիորեն առարկելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին գրել է The Times պարբերականը:
Հաջորդ երեքշաբթի Ուոթֆորդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման նախաշեմին մտավախություններ են առաջացել, որ Հյուսիսատլանտյան դաշինքում ճաքեր կառաջանան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ էր հայտնել կառույցի անհրաժեշտության հարցում և սպառնացել դուրս գալ դաշինքից: Մերկելը հորդորել է միասնությամբ ամրապնդել կառույցն ու նշել, որ ՆԱՏՕ-ն այսօր ավելի կարևոր է, քան Սառը պատերազմի ավարտից հետո:
Անցյալ ամիս Ֆրանսիայի 41-ամյա նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին և հորդորել վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ այդպիսով ընդգծելով պաշտպանական ռազմավարության հարցում Փարիզի ու Բեռլինի միջև աճող տարաձայնությունները:
Երկու երկրներն էլ կողմ են Եվրոպայի ռազմական հզորության ամրապնդմանն ու ինքնուրույնությանը, թեպետ ՆԱՏՕ-Ֆրանսիա հարաբերությունները խստորեն մտահոգում են Գերմանիային: Գերմանիայի կանցլերն այս կապակցությամբ մասնավորապես նշել է. «Նախևառաջ ցանկանում եմ ասել՝ ՆԱՏՕ-ի պահպանումն ամբողջովին համապատասխանում է մեր ազգային շահերին ավելի շատ, քան սառը պատերազմի տարիներին»:
ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումից հետո, հյուսիսատլանտյան դաշինքում վրդովմունք է առաջացրել նաև Թուրքիան՝ Ռուսաստանից գնելով զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներին այն բանի համար, որ ՆԱՏՕ-ում բավարար ֆինանսական ներդրումներ չեն անում: Միացյալ Նահանգներն ապահովում է ռազմական կառույցի բյուջեի գրեթե 70 տոկոսը, ինչն էլ պաշտոնական Վաշինգտոնի վրդովմունքի պատճառ է դառնում: