Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ «մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով, նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաև, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները և շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատվություն դրսևորած անհատներին ու կազմակերպություններին: Հասկանալի է, որ պարգևատրվածների անունները հանրության սեփականությունն էին դառնալու:
Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ և ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահին առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր: Ընդգծում եմ՝ մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես և այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո»,- գրել է Հակոբ Կարապետյանը:
Նա տեղեկացրել է, որ Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցելու Երևանի զարգացմանը:
Եվ այսպես, ներկա դրությամբ նվիրատու կազմակերպություններն են՝ Mercedes Benz Sprinter Chassis (Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան)՝ 516 Ֆուրգոն, 2 հատ, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ)՝ 10 հատ, աղբատար KO 427-72 «ԿամԱԶ»-53605-773950-48՝ 2 հատ, KO440B1-01 «ԿամԱԶ»-65115-3081-50՝ 2 հատ, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն՝ աղբատար «ԿամԱԶ»-65115-773962-50՝ 1 հատ, «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ»-43253-3010-69՝ 3 հատ, «Էյչ-Բի-Էմ գրուպ» ՍՊԸ՝ «ԿամԱԶ»-65115-773962-50՝ 1 հատ: