Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մահացել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ըստ «Ինտերֆաքսի»՝ գործարանը պատկանել է Երևանի նախկին ոստիկանապետին:
Կարապետյանի մահվան լուրը հաստատել են Ստավրոպոլի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Աշխատանքից ազատվելուց հետո Կարապետյանը մեկնել էր Ռուսաստան և հիմնել իր բիզնեսը: Այսօր դժբախտ պատահարի հետևանքով նա զոհվել է. երկրորդ մահացածը նրա մորեղբայրն է»,- հայտնում է «Ինտերֆաքսը»:
Գարեջրի գործարանի տարածքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին՝ ժամը 6:40-ին: Պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խախտումը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, և մասնակիորեն այրվել է մասնավոր շինությունը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի ղեկավարությունը հայտնել է, որ արտադրամասը չի ունեցել գազի միացման թույլտվություն: