Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ռազմավարության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցնել վերականգնողական արդարադատության, արմատավորել քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքները, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումն ու հասարակական անվտանգության ապահովումը:
Ըստ այդմ՝ սահմանվել են բարեփոխումների հետևյալ ուղղությունները՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործում, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, ՔԿՀ-ների օպտիմալացում և արդիականացում, ՔԿՀ-ների և պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավում և տեխնիկական հագեցվածության բարձրացում, ՔԿՀ-ներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովում, ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավում, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարում, քրեակատարողական ծառայությունում կադրային քաղաքականության և պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ամրապնդում, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում, դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավում:
Նախարարի տեղեկացմամբ՝ պահման պայմանների բարելավման և ՔԿՀ-ների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ, փակել «Գորիս» ՔԿՀ-ն և կառուցել 350 լրակազմ ունեցող նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում), «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի մասնաշենք, փակել «Հրազդան» ՔԿՀ-ն և «Սևան» ՔԿՀ-ի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» ՔԿՀ-ի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք, «Արմավիր» ՔԿՀ-ում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:
ՔԿՀ-ների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաև պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար: