Նոյեմբերի 29-ին պաշտոնապես կմեկնարկի «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ոլորտի մասնագետների, հայ դիզայներների և տեքստիլ արտադրողների, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ:
Երկամյա ծրագրի նպատակն է բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտների տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:
Ծրագիրն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն։ Այն ֆինանսավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը» (GGF)՝ բրիտանացիների աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են Eco-Age և Fashion Scout բրիտանական կազմակերպությունները:
Կայունությունն ապահովելու նպատակով ծրագիրը ստեղծելու է պետություն-մասնավոր հատված երկխոսության աշխատանքային համագործակցության մեխանիզմներ Հայաստանի էկոնոմիկայի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Ծրագիրը նախատեսված է կայացած և սկսնակ դիզայներների, տեքստիլ արդյունաբերության խոշոր և ՓՄՁ ընկերությունների, ուսանողների ու դասախոսների համար: Այն կխթանի նաև կանանց ու երիտասարդների համար բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը, կբարելավի կառավարման հմտությունները: