Իրանի հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խամենեին այսօր Թեհրանում հանդիպել է հազարավոր աշխարհազորայինների հետ, շնորհավորել նրանց Աշխարհազորայինի շաբաթվա կապակցությամբ և անդրադարձել Իրանի վերջին զարգացումներին՝ տեղեկանում ենք Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքէջից:
«Թշնամիները վերջին դավադրությունը նյութելու համար մեծ ծախսեր էին արել, որպեսզի ինչ-որ պահի գործի անցնեն ու իրենց ավերիչ քայլերով, մարդասպանությամբ ու չարագործություններով գլուխ բերեն դավադրությունը: Նրանք կարծում էին, թե բենզինի հետ կապված խնդիրն իրենց ակնկալած հնարավորությունն է, ուստի, չնայած սեփական զորքը հրապարակ հանեցին, Իրանի ժողովուրդը չեզոքացրեց այդ վտանգավոր սադրանքը»,- հայտարարել է Իրանի հեղափոխության առաջնորդը՝ հավելելով, որ տարբեր քաղաքներում Իրանի ժողովրդի շքեղ շարժումն ապտակ էր՝ ուղղված համաշխարհային իմպերիալիզմին ու սիոնիզմին:
«Այդ համակարգը, որ առանց ամոթի է խոսում իր նպատակների մասին, մշտապես պայքարել է ժողովուրդների անկախության դեմ՝ վարկաբեկելով նրանց: Ինչպես ամերիկացիներն են հստակորեն ասում՝ իրենք սիրիական նավթի համար են մուտք գործել Եփրատի արևելյան հատված, կամ՝ առանց թույլտվության այցելել Իրաքում գտնվող իրենց ավիաբազա: Ընդ որում, ուշադրություն էլ չեն դարձնում այդ երկրի կառավարությանը»:
Իրանի հոգևոր առաջնորդը մի անգամ ևս զգուշացրել է երկրի ու հասարակության համար անչափ կարևոր դերակատարում ունեցող աշխարհազորայիններին, որ «նրանք իմպերիալիստական համակարգի թշնամանքի թիրախում են ճիշտ այնպես, ինչպես Իրաքում՝ Հաշդ Ալ-Շաաբին և Լիբանանում՝ Հըզբոլլահը»: