Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կատակ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երախտագիտությունը սիրիական իշխանություններին ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին վերացնելու հարցում Դամասկոսի օգնության համար: Այս մասին Ասադը հայտարարել է Paris Match-ին տված հարցազրույցում:
«Այս հարցն ինձ միշտ զվարճացնում է, քանի որ ավելի կարևոր է՝ արդյո՞ք, Ալ-Բաղդադին իրոք սպանվել է, և ճշմարի՞տ է, արդյոք, ամերիկացիների կողմից բեմադրված այս գեղեցիկ կատակերգությունը»,- ասել է Սիրիայի նախագահը:
Լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչու՞ Թրամփը երախտագիտություն հայտնեց Ասադին, նախագահը հավելել է՝ «սա նրա կատակներից մեկն է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի վերացման մասին՝ երախտագիտություն հայտնելով Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային և քրդերին ՝ վերոնշյալ գործում ցուցաբերած աջակցության համար:
Նշենք նաև, որ մինչ այս՝ միայն Ռուսաստանի ՊՆ-ից էին հրապարակավ հայտարարել այն մասին, որ իրենք որևէ տեղեկություն չեն ունեցել ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից սիրիական Իդլիբում Աբու Բաքր ալ-Բաղդադի ոչնչացման վերաբերյալ: