Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որն առաջին անգամ հեռարձակվում է ՀՀ-ից: Հեռուստամարաթոնին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք երբևէ թեկուզ փոքրիկ ներդրում են ունեցել հիմնադրամում, ինչի արդյունքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:
«Կարծում եմ, չեք մոռացել, որ ես լրագրող եմ և ընդդիմադիր գործիչ եմ եղել և շատ եմ սիրում հարցեր տալ: Ես այսօր էլ շատ հարցեր եմ տալիս: Ինձ հետաքրքրում էր, թե այս բոլոր տարիների ընթացքում, հանրագումարային առումով, որքա՞ն գումար է փոխանցվել հիմնադրամի հաշվեհամարին: Ես պարզեցի, որ դա 370 միլիոն դոլարին մոտ գումար է ստացվում:
Եթե հաշվենք մեծ թվերով, կստացվի՝ 10 միլիոն հայությունը 27 տարվա ընթացքում 1,5 մլրդ դոլարի նվիրատվություն է կատարել: Արձանագրենք, որ 1,5 միլիարդը մենք չափազանցելով ստացանք՝ շատ ուռճացնելով:
Ես վերջերս խոսում էի շատ ազդեցիկ հայերից մեկի հետ: Եկեք տեսնենք, թե աշխարհի հայությունը որքա՞ն է օգնում մեզ: Տարեկան՝ մոտ 13 միլիոն դոլար: Որպեսզի հասկանանք, թե այն ինչ է իրենից ներկայացնում, 2020 թվականի բյուջեով ՀՀ կառավարությունը հավաքել է հավելյալ միջոցներով մոտ 132 մլն դոլար: Իսկ ի՞նչն է այսպիսի իրավիճակի պատճառը: Նախ՝ մենք, սովորաբար, երբ նայում ենք, տեսնում ենք, որ դրամահավաքների հիմնական մասը ապահովել են սփյուռքի և Հայաստանի երևելի մեծահարուստների մեծ մասը: Մենք 27 տարի նույն մարդկանցից ակնկալել ենք գումար ու մարդիկ տվել են, բայց՝ 1, 2, 3, 4, 5,… 27… վստահության խնդիր կա: Ես ասեմ, թե ինչ եմ պատկերացնում, ինչ եմ առաջարկում:
Ես նշել եմ, որ եթե մեզ պետք է 1000 դրամ, ոչ թե պետք է գտնենք մեկ հոգու ու խնդրենք 1000 դրամ, այլ պետք է գտնենք 1000 հոգու և ամենքից ստանանք 1 դրամ…Ասում են՝ աշխարհում 10 միլիոն հայ կա, եկեք ընդունենք 5 միլիոն թիվը: Եթե յուրաքանչյուր մարդ ամեն տարի 20 դոլար ընդամենը փոխանցի, մենք կունենանք հսկայական թիվ 1 տարում:
Պետք է լինի վստահություն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների տնօրինումն այսուհետ պետք է լինի եռակի, քառակի անգամ շատ վերահսկողությամբ:
Ես նախքան այստեղ գալն ուսումնասիրել եմ հիմնադրամի կայքը. հիմնադրամի կայքում կա օնլայն նվիրատվությունների բաժին, և ես այնպես եմ արել կարգավորումները, որ ամեն ամիս իմ հաշվեհամարից ընդամենը 10 հազար դրամ փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին: Եթե աշխարհի 5 մլն հայ անի նույն գործողությունը, մենք տարեկան կունենք ոչ թե 13 միլիոն դրամ՝ միջինում, այլ՝ 1 մլրդ դրամից ավել գումար:
Ես հիմա ուղիղ եթերում ուզում եմ մարտահրավեր նետել աշխարհի 3 հայի՝ Challange անենք, առաջինը՝ Սերժ Թանկյանին:
Սե՛րժ, ես մարտահրավեր եմ նետում քեզ, որ մտնես Himnadram.org կայք… համոզված եմ, որ դու քարտ ունես բանկային…մտնես ու անես այնպես, որ ամեն ամիս, մինչև քարտիդ գործողության ավարտը, 10 հազար դրամին մոտ՝ մոտ 21 դոլար, փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին: Երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին. 22 դոլար ամեն ամիս, և երրորդ մարդը՝ Ալեքսիս Օհանյանին: Չգիտեմ՝ հիմա հետևում եք, թե չէ, եղբա՛յր, ես Challange եմ անում ձեզ, որ նույն կայքով անեք այնպես, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին: Այստեղ ամենակարևորն է, որ դուք ամենքդ մարտահրավեր նետեք ևս 3 հայի և դա անեք հրապարակային, և այդպես յուրաքանչյուր մարտահրավեր ընդունող նույնը փոխանցի ևս 3 հոգու: Այսպես, մենք կունենանք համահայաստանյան բյուջե»,- ասաց վարչապետը: