Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ն անցյալ տարի՝ հեղափոխության օրերին, պայմանագիր է կնքել «Նորալուսին» ընկերության հետ, որի համաձայն՝ «Նորալուսինը» 152 երեխայի համար մատուցել է ծառայություններ։
Պայմանագրի արժեքը կազմել է 22 միլիոն դրամ։ ՊԵԿ-ից «Լուրեր»-ին հայտնել են, որ «152 երեխայի համար 2018-ի ապրիլի 20-28-ն ընկած ժամանակահատվածի համար կազմակերպվել է գիշերակաց՝ 3-անգամյա սննդով և շոգեբաղնիքի ծառայություններով»։ Պետեկամուտների կոմիտեում, սակայն, պարզել են, որ նման ծառայություններ ընկերության կողմից ֆեդերացիային չեն մատուցվել, «Նորալուսինը» 22 միլիոն դրամը հետ է փոխանցվել ՀՖՖ-ին։ Երեխաների համար այս հանգիստը պետք է կազմակերպվեր Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող «Զեփյուռ» հանգստյան տանը, որը պատկանում է «Նորալուսնին»։
«Նորալուսինը» պատահական ընկերություն չէ. արդարադատության նախարարության իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից պարզ դարձավ, որ ընկերության միանձնյա բաժնետերը Ռաֆիկ Հայրապետյանն է՝ Ռուբեն Հայրապետյանի որդին։ Փաստացի, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ծառայությունների պայմանագիր է կնքել իր որդուն պատկանող ընկերության հետ, իսկ ծառայություն, ըստ ՊԵԿ-ի, չի մատուցվել։ 2019-ի մարտի 1-ին ՊԵԿ-ում հարուցվել է քրեական գործ՝ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու հատկանիշներով։ Հինգ ամիս անց քրեական գործի վարույթը կարճվել է, քանի որ պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Ընկերությունը ներկայացրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ և վերականգնել 3.6 միլիոն դրամի վնասը։
«Նորալուսնին» է պատկանում նաև Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը։ Հյուրանոցի շենքը նախկինում եղել է պետական՝ համարվել է Սևան ազգային պարկի վարչական շենքը։ 2004-ին այն մասնավորեցվել է՝ ուղղակի վաճառքի միջոցով օտարվելով Ռուբեն Հայրապետյանի ընկերությանը։