Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:
Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները:
«Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, ինչպես նաև զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»,- ասել է Ղրղըզստանի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, ու կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ զարգացնելու նաև տնտեսական համագործակցությունը: «Մենք ունենք հնարավորություն նոր թափ
հաղորդելու առևտրատնտեսական կապերին. դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: 21-րդ դարում աշխարհագրական հեռավարությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը, անդրադառնալով Ղրղըզստանում առկա ներքաղաքական վիճակին, նշել է, որ ուրախ է իրավիճակի կայունացման ու կարգավորման կապակցությամբ:
«Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում, ինչը լավ հնարավորություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Առանձնազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը և Ղրղըզստանի նախագահը քննարկել են հայ-ղրղըզական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ: