Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրենը, որը պաշտոնավարել է 1989-ից մինչև 2016 թ., չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ 2005-2016 թթ. եղբոր որդուն, իսկ 2005-2017 թթ.՝ քրոջ աղջկան հաստատությունում ձևակերպել է որպես սոցիալական մանկավարժ։ Նրանք չեն ունեցել համապատասխան կրթություն և չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, սակայն աշխատավարձ են ստացել։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենի քրոջ դուստրը 2007, 2010, 2012, 2014 և 2015 թթ. տարբեր ամիսների գտնվել է արտերկրում, սակայն կրթահամալիրի հաշվապահությանն է տրամադրվել նրա աշխատանքի հաճախումների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, ինչի հիման վրա նրա աշխատավարձը դուրս է գրվել։
Դեպքի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են: