Եվրոպական խորհրդարանն այսօր կայացած լսումներից հետո, քվեարկության արդյունքում, հավանություն տվեց Եվրահանձնաժողովի նոր անդամներին՝ հանձնաժողովի նախագահ ընտրված Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ:
Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոր կազմն իր պարտականություններին կանցնի դեկտեմբերի 1-ից՝ 5 տարի ժամկետով:
Նշենք նաև, որ եվրոպական հանձնաժողովի նոր կազմի օգտին կողմ է քվեարկել 461 պատգամավոր, դեմ՝ 157-ը, ձեռնպահ՝ 89-ը:
Հատկանշանական է, որ Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր բացման խոսքում վերահաստատեց հուլիսին Խորհրդարանի լիագումար պալատում ստանձնած պարտավորությունները: Նաև կարևորեց այն հանգամանքը, որ Եվրոպայում կներդրվեն համապատասխան նոր կարգավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի դիտարկել այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք՝ շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխություն, նորարարություն և թվայնացում, ժողովրդավարության պաշտպանություն, եվրոպական արժեքներ, քաղաքացիների իրավունքներ, օրենքի գերակայություն և այլն: