ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Ա.Միրզոյանն արձանագրել է, որ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են:
ԱԺ նախագահը Դեյվիդ Մորանին տեղեկացրել է մեր երկրում ընթացող զարգացումների մասին՝ ընդգծելով, որ 2018 թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով և հաստատակամ է այս ամենը հասցնել տրամաբանական ավարտին՝ չշեղվելով ճանապարհից: Նա հավելել է, որ սա հավասարապես վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, դատաիրավական բարեփոխումներին, ազատ մրցակցային շուկայի, անհրաժեշտ ներդրումային միջավայրի ստեղծմանը և մնացած բոլոր ուղղություններին:
Խորհրդարանի խոսնակը նշել է, որ այս հարցում Հայաստանը ստանում է միջազգային բազմաթիվ գործընկերների համակրանքն ու աջակցությունը, այդ թվում՝ Միացյալ Թագավորության, ինչը մեծապես կարևորում է: Նա առանձնացրել է նաեւ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը, որում Շվեդիայի Թագավորության հետ Հայաստանն ունի Միացյալ Թագավորության էական աջակցությունն ու մասնակցությունը:
Արարատ Միրզոյանը ՀՀ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ամբողջ համատեքստում առանձնացրել է նաև միջխորհրդարանական հարաբերությունները, կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները կընթանան այս համաձայնագրի հունով՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունները:
ԱԺ նախագահը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Մեծ Բրիտանիայի հավասարակշռված դիրքորոշումը, ևս մեկ անգամ հավաստել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին և միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը:
Դեյվիդ Մորանն իր հերթին կարևորել է խորհրդարանական համագործակցությունը և բարեկամական խմբերի միջև սերտ աշխատանքը: Նա վստահեցրել է, որ ակտիվորեն կաշխատի նոր ծրագրերի ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ դրանք լավ արդյունք կտան: Նորանշանակ դիվանագետն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանին դեմոկրատական բարեփոխումների բոլոր ուղղություններով: