Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ նախատեսվող առաջին փոփոխությունը վերաբերում է մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների համար լիցենզավորման պարտավորության ժամկետին, երկրորդը՝ պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի փոփոխությանը: Նախատեսվում է այն ևս մեկ տարով հետաձգել, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո տնտեսվարողները ևս մեկ տարի ժամանակ ունենան պատրաստվելու սույն պատշաճ բաշխման հավաստագրով նախատեսված փոփոխություններն իրականացնելու և անցնցում անցում կատարեն:
«Դեղերի մասին ՀՀ օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը նաև թեժ քննարկում առաջացրեց հանձնաժողովում: Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը քննարկման ժամանակ ասաց, որ ինքը նախագծին դեմ է քվեարկելու, քանի որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում: