Ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է այլևս մերկ լուսանկարներով հանդես չգալ և հրաժեշտ տալ դրանց: Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը:
Աստղը չի թաքցնում, որ որոշման պատճառներից մեկը ամուսնու՝ Քանյե Ուեսթի դիրքորոշումն է: Ռեփերն իր վերջին հարցազրույցում երկար էր խոսել քրիստոնեական արժեքների մասին, երեխաների ու ամուսինների մկրտությունից հետո կրոնական սկզբունքներին հետևելու անհրաժեշտության և այն մասին, որ իրեն այլևս դուր չեն գալիս կնոջ բաց լուսանկարները:
«Չեմ կարող պնդել, որ դա էր որոշմանս հիմքը...բայց ես լսում ու հասկանում եմ նրան: Ամեն դեպքում նա ինձ ազատություն է տալիս անելու այն, ինչ ուզում եմ, և չնայած դրան՝ ես էլ եմ սկսել նորովի մտածել»,- ասել է Քարդաշյանը, որը վերջին շրջանում փորձում է առավել համեստ լինել:
Քիմը նաև բացատրել է, որ որոշման պատճառներից մեկն էլ երեխաներն են, քանի որ հասկացել է, որ չի կարող նրանց հետ հանգիստ նստել ու նայել, օրինակ, Ինսթագրամի իր էջը:
Հիշեցնենք, որ 39-ամյա աստղը 4 երեխա ունի՝ Նորթը, Սեինթը, Չիկագոն ու Պսալմը: Վերջին շրջանում նա բավական ակտիվ է նաև քաղաքական ու հասարակական հարցերում, հաճախ է լինում Սպիտակ տանը: Նա չի ասել այդ մասին պարբերականին, բայց այստեղ եզրակացրել են, որ նոր դիրքորոշման պատճառներից մեկն էլ դա կարող է լինել՝ հանրային մարդու նոր, ավելի լուրջ իմիջի անհրաժեշտությունը: