Իրանի արևմտյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության գլխավոր վարչության տեխնիկական հարցերով զբաղվող գրասենյակի պատասխանատուն հայտարարել է, որ հաշվի առնելով Սրբ. Թադեոս վանքի վերին մասի՝ ներառյալ գմբեթի և առաստաղի քանդված հատվածների վիճակը, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ:
«Այս համաշխարհային կոթողի վերանորոգումն իրականացվել է հատուկ նորմերով: Վերանորոգման աշխատանքն սկսվել է այս տարի ամռանը և չորս ամիս անց ավարտվել է»,- ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Դավուդ Ֆարազին:
Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքներն սկսելուց առաջ վանքի քարտեզը և շինանյութերի ցանկն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպության փորձագետներին և հաստատվել է նրանց կողմից՝ տեղեկացնում է Parstoday-ը:
Սրբ. Թադեոս Առաքյալի հայկական վանքը համարվում է Իրանի ամենագեղեցիկ և զարդանախշերով պատված եկեղեցին: Ամեն տարի նույն օրերին այստեղ ուխտագնացներ են ժամանում Հայաստանից, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի համարյա բոլոր երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլն: