Վրաստանի ընդդիմությունը չի ընդունել խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի՝ աշխատանքային ռեժիմին վերադառնալու առաջարկը: Խոսնակի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատել կարևոր որոշումների, այդ թվում նաև՝ 2020 թ. բյուջեի նախագծի վրա, որը երկրի շահերից է բխում:
Լեյբորիստական կուսակցության գրասենյակում միասնական խորհրդակցություններ անցկացնելուց հետո Վրաստանի ընդդիմության առաջնորդները, սակայն, հայտարարել են, որ շարունակելու են արգելափակել պետական կառույցների մուտքերը, մինչև շաբաթվա վերջ էլ կհայտարարվի հաջորդ լայնամասշտաբ բողոքի ցույցի անցկացման օրը։
«Խաղաղ, ոչ բռնի գործընթացը շարունակվում է: Ընդդիմությունը գործողությունների միասնական ծրագիր ունի: Մենք կշարունակենք արգելափակել խորհրդարանի մուտքերը: Խորհրդարանի օրակարգի համաձայն՝ կհայտարարենք լայնածավալ հանրահավաքի անցկացման ամսաթիվը: Ուրբաթ կներկայացնենք փակուղուց ելք առաջարկող օրենսդրական մեր նախագիծը»,- հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:
Ներքաղաքական այս լարվածության պայմաններում վաղը Պրահայում 5-ամսյա դադարից հետո կայանալու է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ և հասարակայնության հետ կապերի նախկին պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը: Չնայած Կարասինն ազատվել է աշխատանքից թոշակի անցնելու կապակցությամբ, բայց կշարունակի Վրաստանի հետ հարաբերություններում ժնևյան ձևաչափով ներկայացնել Ռուսաստանը:
Ըստ aliq.ge-ի՝ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն Վրաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերություններին և երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի վերականգնմանը վերաբերող հարցեր:
2019 թ. նոյեմբերի 27-ից մինչև 2020-ի մայիսի 15-ն էլ Վրաստանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: