Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն պարբերաբար ջրի որակի ստուգումներ կանցկացնի Օդայբայի ծովային պարկում, որտեղ կանցկացվեն լողի և տրիատլոնի մրցումներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Փորձամրցումների ժամանակ ծովածոցում հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ, ինչն անհանգստության պատճառ է դարձել լողորդների ու միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների շրջանում, իսկ տրիատլոնի մրցումների մի մասը չեղարկվել է:
Մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը Տոկիո-2020-ի կազմկոմիտեն ու Ճապոնիայի մայրաքաղաքի վարչակազմը պետք է պարզեն, թե ինչու է ջրի որակը կտրուկ անկում ապրել:
Չի բացառվում, որ որոշ մրցումների մեկնարկը կարող է փոխվել և անցկացվել վաղ առավոտյան: Այդ հարցով Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում կկայացնի դեկտեմբերի 3-5-ը կայանալիք գործադիր կոմիտեի խորհրդի ժամանակ:
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020 թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: