Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի՝ «Ցրվենա զվեզդա»-ի դեմ հանդիպմանը 14 րոպե 31 վայրկյանում 4 գոլ է հեղինակել. սա Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ պոկերն է:
Բացի այդ, Լևանդովսկին այս պոկերի շնորհիվ դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է հեղինակավոր մրցաշարում երկու անգամ պոկերի հեղինակ դառնալ: Նման հաջողության հասել է նաև «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Այս 4 գոլի շնորհիվ լեհ հարձակվողը մյունխենյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայում խփած իր գոլերի թիվը հասցրել է 46-ի՝ դառնալով Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» պատմության լավագույն ռմբարկուն: Բացի այդ, Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում Լևանդովսկին 10 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Միայն այս մրցաշրջանում լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերի 30 խաղում 33 գնդակ է խփել: