ԱՄՆ-ում չեն հաշտվում երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված ռազմական գործարքի հետ: Չնայած ռուսական C-400 ՀՕՊ համակարգերն արդեն Անկարայում փորձաշրջան են անցնում, Միացյալ Նահանգների տարբեր կոնգրեսականներ ու սենատորներ Սպիտակ տանն առաջարկում են առավել խիստ լինել Թուրքիայի նկատմամբ և անատամ հայտարարություններից անցնել կոնկրետ պատժամիջոցների:
«Վաշինգտոն կատարած այցից 2 շաբաթ անց Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին և C-400-ի հարցում մեկ այլ կարմիր գիծ է հատում: Մեր օրենքները պահանջում են, որ Թրամփը պատժամիջոցներ կիրառի, իսկ Պոմպեոն ճնշում գործադրի Թուրքիայի վրա՝ «անվտանգության գոտում» խախտումների և քրդերի դեմ իրականացրած վերջին հարձակումների պատճառով»,- Twitter-ում գրել է սենատոր Քրիս Բան Հոլլենը:
Ի դեպ, Հոլլենը Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմագործողության առաջին օրերին էր պատժամիջոցների հատուկ նախագիծ պատրաստել Թուրքիայի դեմ, ինչն այդպես էլ Կոնգրեսում չհաստատվեց առանձին հանրապետականների ջանքերով:
Գրառումից ընդամենը մի քանի ժամ անց լրագրողները ոչ միայն հիշյալ սենատորի ու մյուսների առիթով են Թուրքիայի նախագահին հարցեր տվել, այլև հետաքրքրվել են, թե այս համատեքստում ինչպես են զարգանալու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:
«Գործընթացը կտևի մինչև ապրիլ: Մեր պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները միասին կիրականացնեն այդ աշխատանքները: Պետք է տեսնենք՝ վերջում ինչպիսի արդյունքներ կունենանք: Խնդիրը Թրամփի հետ չէ. սա ՆԱՏՕ-ի հետ կապված հարց է, բայց մենք ասել ենք, որ համակարգերի օգտագործել-չօգտագործելը չի քննարկվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Կատարից Թուրքիա վերադառնալիս: