Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի 15 ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին:
Հանդիպման սկզբում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը և ՀՀ ԱԳ նախարարը կարևորեցին Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակի դերը՝ ընդգծելով, որ այդ կառույցի կայացումը մեծապես նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների համակարգային պաշտպանությանը։
Հանդիպմանը կողմերն անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության գործունեության մարդու իրավունքների հարթությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Ժողովրդավարական կառույցների ամրապնդման ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործընթացների համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց նախորդ տարի խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը և այդ ուղղությամբ ԺՀՄԻԳ ցուցաբերած շարունակական աջակցությունը:
Նախարարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի՝ ՄԱԿ Մարդու Իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը՝ խթանելու մարդու իրավունքների պատշպանության, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի և ընդգրկի նաև հակամարտության տարածքներում ապրող մարդկանց:
Որպես Հայաստանի կառավարության օրակարգի կարևոր ուղղություն՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց կանանց և երեխաների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում երկրի հասարակական կյանքում կանանց և երիտասարդության ներգրավածության ընդլայնումը: