Աննա Հակոբյանն այսօր մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարանում էր: Թանգարան այցելելու հրավերը վաղուց է ստացել, բայց այցելել չէր ստացվում, ժամանակը չէր ներում՝ նշեց վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանը շրջել է թանգարանում, ծանոթացել վարպետի կյանքի ու գործունեության մասին պատմող ցուցանմուշներին: Վարչապետի տիկինն ունկնդրել է Մաեստրոյի կատարումներն ու հետաքրքիր պատմություններ լսել հռչակավոր դիրիժորի տիկնոջից՝ Ալիս Դուրյանից, և ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանից:
«Օհան Դուրյանի թանգարանում անցկացրած այս րոպեները ես համարում եմ իր հետ անցկացրած րոպեներ և անչափ շնորհակալ եմ հրավերի ու այս րոպեների համար, որովհետև սա կտրում է մեզ իրականությունից, և մենք հաղորդակից ենք լինում մեր մեծերի հետ»,- ասաց Աննա Հակոբյանը՝ խորհուրդ տալով բոլորին բազմազբաղ օրակարգում ժամանակ հատկացնել և հաղորդակից դառնալ մեր մեծերին ու արվեստի ներկայացուցիչներին: