Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում վարորդական իրավունք ստանալու համար չպետք է նույնպիսի քննություն հանձնեն, ինչպիսին Ռուսաստանի քաղաքացիներն են հանձնում. հայերի համար անհրաժեշտ է քննություն հանձնելու հատուկ կարգ սահմանել: Այս մասին հայտարարել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:
«Ես այդ հարցով զբաղվում եմ տարիներ շարունակ: Խնդիրն այն է, որ առանց ՌԴ տարածքում վարորդական իրավունքի հաստատման՝ բարդ է նաև վարորդների համար: Կարծում եմ, որ նրանք չպետք է նույն կարգով քննություն հանձնեն, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները: Նրանց համար պետք է հատուկ կարգ լինի, և մենք պետք է ստեղծենք պայմաններ ու վերապատրաստման հնարավորություններ, որոնք կհաստատեն, որ ՌԴ տարածքում նրանք կարող են օգտվել Հայաստանում ստացած իրավունքներից»,- ասել է Մոսկալկովան:
Մարդու իրավունքների հանձնակատարը հավելել է, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է դառնալ համընդհանուր իրավունքների ստեղծումը Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների համար:
Մոսկալկովայի խոսքով՝ Հայաստանի իր գործընկեր Արման Թաթոյանի հետ փորձում է պարզել՝ ինչն է այսօր առաջնահերթություն համարվում խնդրի լուծման համար, քանի որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վարորդական վկայականի ընդունումից հրաժարվելը կարող է ուղղակիորեն ազդել քաղաքացիների աշխատանքային գործունեության վրա: Խնդրի շուտափույթ կարգավորման համար հնարավոր է երկկողմ պայմանագրի կնքումը Ռուսաստանի և Հայաստանի միջև:
«Կարծում եմ՝ առավել արդյունավետ և արագ լուծումը երկկողմ պայմանագիրն է, բայց դա խնդիր է: Դա ակտուալ է նաև ԵԱՏՄ անդամ բոլոր 5 երկրների համար, քանի որ գլոբալ հարց է: Սակայն դա երկրորդական է, քանի որ մյուս երկրների հետ կապված՝ դա նույնքան սուր չէ, որքան Հայաստանի համար»,- նշել է Մոսկալկովան: