Այս տարին հաջողված էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար և կշարունակի ավելի հաջողված լինել, վստահ է The Wall Street Journal-ի հոդվածագիրը: Ամերիկյան պարբերականի հավաստմամբ՝ Կրեմլի ղեկավարն այժմ իր հաղթական ավարն է հավաքում տարբեր ճակատներից. ԱՄՆ-ում քաղաքական համակարգում լուրջ տարաձայնություններ, Մեծ Բրիտանիայում Brexit-ի թեմայով բանավեճեր ու ՆԱՏՕ, որը մխրճվել է կառույցի ապագայի վերաբերյալ վեճերի մեջ: Հոդվածի հեղինակ Ջերալդ Սայբը համոզված է, որ նույնիսկ ՌԴ նախագահն ինքը հավանաբար զարմացած է, թե ինչ հաջողությամբ է հասնում իր նպատակներին, օրինակ՝ ԱՄՆ-ում քաղաքական համակարգում տարաձայնություններին: The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Պուտինի գործակալները միջամտեցին 2016 թ. ընտրություններին, այժմ նրանք կարող են հանգիստ լինել ու հետևել իրենց հաջողված փորձերին, թե ինչպես է այս հարցում մեղադրվող Մոսկվայի դեմ կասկածներն ընկնում Կիևի վրա: Պարբերականը նշում է, որ Պուտինն այնքան վստահ է այս հարցում իր հաջողությանը, որ փաստացի հրապարակավ հայտարարում է այդ մասին: «Փառք Աստծո, այժմ ոչ ոք մեզ չի մեղադրում ԱՄՆ նախագահի ընտրություններում միջամտելու համար, այժմ՝ մեղադրում են Ուկրաինային»,- ասել է նա:
Նույն սցենարն է նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ քաղաքական համակարգը տապալվում է Brexit-ի պատճառով: Միացյալ Թագավորությունում լուրջ բանավեճեր են սկսվել այն թեմայի վերաբերյալ, թե Ռուսաստանը միջամտության փորձեր արե՞լ է արդյոք 2016 թ. Եվրամիության կազմից դուրս գալու նպատակով երկրում անցկացված հանրաքվեին: The Wall Street Journal-ը գրում է. «Այն, ինչ վնասում է Եվրոպայի տնտեսական ու քաղաքական միասնությանը, օգուտ է բերում Ռուսաստանին, հետևաբար Պուտինը կարող է իրեն վերագրել բրիտանական Brexit-ի չդադարող խառնաշփոթից առաջացած հաջողությունը որպես 2019 թ. ձեռքբերում»:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ապագային՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսում է այն բաների մասին, որոնց վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները դժկամությամբ կխոսեին: Նա խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահի՝ Սիրիայից ամերիկյան զորախմբերը դուրս բերելու որոշման համար՝ այդպիսով Պուտինին ու Թուրքիայի ավտորիտար ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին լայն հնարավորություն ընձեռելով մեծաացնել իրենց նշանակությունը Սիրիայում: