Ըստ նախնական տվյալների՝ ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքը, որի մասին տեսանյութը օրերս տարածվել էր համացացնում, տեղի է ունեցել 2008-2010 թթ. միջակայքում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Այն ժամանակ 300 պրիմ՝ խոշտանգման համար պատիժ նախատեսող հոդվածը դեռևս ընդունված չէր, հետևաբար, մենք նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չէինք կարող այդ հոդվածով գործ հարուցել»,- նշել է Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու խոշտանգման հոդվածով գործ չի հարուցվել:
Սասուն Խաչատրյանն ասել է նաև, որ քննությունը երկու օր է, ինչ ընթանում է, և դեռ հնարավոր չէ հաստատել, որ կադրում երևացող բոլոր անձինք ոստիկաններ են: Հարցին, թե, այսինքն, խոշտանգում իրականացնող անձանց շրջանակը հայտնի չէ՞, ՀՔԾ պետը պատասխանել է. «Չեմ ցանկանում այս պահին նման տեղեկատվություն տարածել՝ հայտնի է թե հայտնի չէ, բայց համոզված եղեք՝ շատ շուտ դուք կտեղեկանաք, որ ամբողջ ծավալով էլ կբացահայտվի»: