Նոյեմբերի 27-ին, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում, Երևանում կազմակերպվում է Աշխատանքի տոնավաճառ:
Աշխատանքի տոնավաճառին, նախնական տվյալներով, մասնակցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 70 գործատու, որոնց ներկայացրած թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է 1000-ը:
Հատկապես մեծ թվով աշխատատեղեր են ներկայացվել սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության ոլորտները ներկայացնող գործատուների, ապահովագրական ընկերությունների կողմից: Մեծ է նաև բանվորական աշխատուժի պահանջարկը:
Ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:
Աշխատանքի տոնավաճառի ընթացքում սպասվում է զրույց ներկայացում՝ «Նոր հմտություններ 21-րդ դարի աշխատաշուկայի համար. զարգացում և ինքնազարգացում» թեմայով:
2019թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ, Երևան քաղաքում, Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 12.2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4 %-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 65.6 %-ը կամ 8.0 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նույնպես նվազել է 13.6 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.3%-ը, կամ 5.9 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 16.8%-ը երիտասարդ է, 6.2 %-ը հաշմանդամություն ունեցող անձ:
Տարեսկզբից Երևանի զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 7175 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 5683 չկրկնվող թափուր աշխատատեղ: Զբաղվածության կենտրոնների միջոցով Երևան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 2687 աշխատանք փնտրող, որոնցից 316-ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:
Նախարարությունից տեղեկացնում են, որ Աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա՝ «Էքսպո կենտրոն» ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, շենք 3 հասցեում: