Աժ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2003 թ. հոկտեմբերին, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը փաստացի սկսել է գործել 2004 թվականից: Հետագայում սահմանադրական փոփոխություններով ամրագրվել է պաշտպանին դիմելու յուրաքանչյուր քաղաքացու բացառիկ իրավունքը, սահմանվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքը սահմանադրական օրենք է:
Ի սկզբանե ստեղծված լինելով որպես որևէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն՝ այս տարիների ընթացքում Օմբուդսմանի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել և կայանալ: Այնուամենայնիվ, ցավալիորեն, ինչպես բազմաթիվ այլ ինստիտուտներ ու մեխանիզմներ Հայաստանում վերջին երկու տասնամյակից ավելի ընկած ժամանակահատվածում, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նրա գրասենյակը իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել են քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված լիազորությունները: Եվ սա տեղի է ունենցել իրական ժողովրդավարական հասարակություն կայացնելու քաղաքական կամքի բացակայության պատճառով:
2018-ից ի վեր, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոտքի կանգնեցին պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետությունում ստեղված են լավագույն պայմանները օմբուդսմանի ինստիտուտի աշխատանքների համար: Եվ սա՝ ամենևին ոչ նրա համար, որ այդպես ընդունված է առաջադեմ երկրներում, և մենք ցանկանում ենք մեր նկարագրի այդ տողի դիմաց դրական նշան դնել, այլ, վստահաբար, որովհետեւ մարդու իրավունքները, նրանց պաշտպանությունը, մարդու ազատությունները, բոլոր այլ ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները մեր արժեքային համակարգի հիմնաքարերն են:
Եվ ահա այս ինստիտուտը կարևորագույն դեր կարող է ստանձնել մարդկանց՝ տարիներ ի վեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և վերականգնման գործում: Քանի որ օմբուդսմանն իրապես համարվում է խորհրդարանական իրավապաշտպան, որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար՝ ուզում եմ այսօր վերահաստատել, որ այս ինստիտուտի առջև չկան և չեն կարող լինելքաղաքական խոչընդոտներ գործառույթների լավագույն իրականացման համար, և մենք հանդիսանում և հանդիսանալու ենք այս ինստիտուտի գործունեության երաշխավորը:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հենց թավշյա հեղափոխությունից հետո մեծապես աճել է մեր քաղաքացիների վստահությունը ՄԻՊ-ի և նրա գրասենյակի նկատմամբ, ինչի մասին խոսում է այստեղ ուղղվող դիմումների թվի էական աճը:
Անցյալ տարի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո՝ ընտրություններ, որոնք ամենաբծախնդիր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվեցին իբրև իրապես ազատ, մրցակցային և ժողովրդավարական, միջազգային ստանդարտներին համապատասխան, նոր Ազգային ժողովը սերտորեն համագործակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Մասնավորապես, ուզում եմ կարևորել օրենսդրական ակտերի նախագծերի տեսքով առաջարկները, որ մենք պարբերաբար ստանում ենք Մարդու իրավունքների պաշտպանից, ինչպես նաև այն, որ մինչև ընդունվելը օրենքների նախագծերը համապատասխան փորձաքննություն են անցնում Պաշտպանի աշխատակազմում: Օրինակ՝ այս տարի առաջին անգամ խորհրդարանն ընդունեց քրեակատարողական օրենսդրության բարեփոխման մեծ փաթեթ, որը, ըստ էության, անմիջականորեն մշակվել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում և հիմնված էր նրա գործունեության արդյունքների վրա: Այս օրենսդրական փաթեթը հետագայում մանրամասն քննարկման արժանացավ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ընդունվեց ձայների միաձայն բաշխմամբ: Այս փաթեթի հիման վրա արդեն իսկ պրակտիկայում տեսանելի են դրական տեղաշարժերը, ներդրվել են ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմի հիմքերը, նրա նկատմամբ անհատական մոտեցման կարևորությունը, քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնության ամրապնդման հիմքերը եւ այլն:
Իբրև վերահսկողական լուրջ գործառույթներ ունեցող խորհրդարան՝ մենք այս դահլիճում և ԱԺ մյուս սրահներում հաճախ լսումներ ենք կազմակերպում տարբեր օրենսդրական նախաձեռնությունների կամ հասարակությանը հուզող հիմնական խնդիրների մասին: Եվ մարդու իրավունքների պաշտպանը, որպես կանոն, մասնակցում է այդ լսումներին: Որպես օրինակ կարող եմ նշել պարոն Թաթոյանի զեկույցն իմ նախաձեռնությամբ վերջերս հրավիրված լսումներին, որոնք նվիրված էին պետության և հասարակության կարիքների համար բազմաթիվ քաղաքացիների սեփական իրավունքից զրկելու զանգվածային դեպքերին:
Որպես խորհրդարանի ղեկավար՝ ես կարևորում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հանրությանը հետաքրքրող տարբեր հիմնախնդիրներով իրազեկման արշավների կազմակերպումը: Դա զգալիորեն օգնում է օրենքների առավել լիարժեք կիրառության ապահովմանը: Հատկապես կարեւոր եմ համարում նրանք, որոնք ուղղված էին կանանց իրավունքների պաշտպանությանը, ներառական կրթության ներդրմանը, երեխաների իրավունքներին և այլն: Վստահ եմ, որ հանրությունը պետք է լիարժեք տեղեկություններ ունենա իր իրավունքների և դրանց պաշտպանության հնարավորությունների մասին: Ցավոք, մեր հասարակությունում կա իրապես դրանց կարիքը: Պատշաճ իրազեկումներն են, որ հնարավորություն են տալիս կոտրել կարծրատիպեր, բացառել սխալ ընկալումներ:
Վստահ եմ, որ մեր ինտիտուտների համագործակցությունը դեռևս նորանոր պտուղներ է տալու:
ՄԻՊ գրասենյակի սիրելի՛ աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված սիրելի՛ գործընկերներ, թույլ տվեք շնորհավորել ձեզ 15-ամյակի կապակցությամբ և համագործակցության ձեռք մեկնել համատեղ ուժերով կայացնելու իրավահավասար և պաշտպանված իրավունքներով լի մեր երազանքների Հայաստանի կերտման գործում: Մեր աշխատանքի լավագույն արդյունքը կլինի ձեր գրասենյակի դատարկ փոստարկղը՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացման, իրավունքի գերիշխանության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության»: