ՄԻՊ ինստիտուտի կայացման ճանապարհին հաճախ քաղաքական մեծ խոչընդոտներ են եղել, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված լիազորությունները, և դա տեղի է ունեցել իրական ժողովրդավարական հասարակություն կայացնելու քաղաքական կամքի բացակայության պատճառով: Այդ մասին Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ 2018 թ. Հայաստանի քաղաքացիները ոտքի կանգնեցին պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատությունները, իսկ ներկայումս օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքների համար ստեղծված են լավագույն պայմանները:
«Դա ոչ թե նրա համար է, որ այդպես ընդունված է առաջադեմ երկրներում, և ցանկանում ենք մեր նկարագրի այդ տողի դիմաց դրական նշան դնել, այլ որովհետև մարդու իրավունքները, ժողովրդական արժեքները, սկզբունքները մեր արժեքային համակարգի հիմնաքարերն են: Այս ինստիտուտը կարևորագույն դեր կարող է ստանձնել մարդկանց՝ տարիներ ի վեր ոտնահարված իրավունքների պաշտպանության, վերականգնման գործում, քանի որ օմբուդսմենն իրապես համարվում է խորհրդարանական իրավապաշտպան, և որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար՝ ուզում եմ այսօր վերահաստատել, որ այս ինստիտուտի առջև չկան և չեն կարող լինել քաղաքական խոչընդոտներ գործառույթների իրականացման համար: Մենք դառնալու ենք այս ինստիտուտի գործունեության երաշխավորը»,- ասաց Արարատ Միրզոյանը: