Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար Հայկ Գուրգենյանը Բուլղարիայում տեղի ունեցած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Հայկ Գուրգենյանը լավագույնի կոչումը նվաճել է աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 12 երաժիշտների հետ մրցակցության արդյունքում։
Հայկը նշում է‚ որ մրցույթը թեժ էր‚ ժյուրին բաղկացած էր հեղինակավոր երաժիշտներից։ Շեփորահարը, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում նվագում է 2017 թվականից, նկատում է‚ որ մրցույթների մասնակցելով՝ ինքը մեծ փորձ‚ ծանոթություններ‚ նոր հնարավորություններ է ձեռք բերում։
Շեփորի համար գրված լավագույն ստեղծագործությունը դժվարանում է առանձնացնել: Նա նշում է, որ դրանք շատ են‚ սակայն առանձնացնում է Ֆրանց Յոզեֆ Հայդնի և Ալֆրեդ Դեսենկլոսի Շեփորի կոնցերտները։