Իտալիայի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությունը գլխավորող Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինին կարևորել է դատաիրավական համակարգում Իտալիայի փորձի ներկայացումը Հայաստանում:
«Կարծում եմ՝ կարևոր է իտալական դատական համակարգում ունեցած փորձի փոխանակումը Հայաստանի հետ, քանի որ երկու երկրներն էլ խորհրդարանական ժողովրդավարություններ են, իսկ ժողովրդավարական համակարգում դատարանը հիմնասյուներից մեկն է համարվում կառավարության ու խորհրդարանի հետ: Երկու բարձրագույն դատական խորհուրդների միջև շատ կարևոր է հարաբերությունների ամրապնդումը, փորձի, գիտելիքների, ուսումնասիրությունների փոխանակումը: Այդ դեպքում համագործակցելով՝ երկու խորհուրդները միասին կարող են էլ ավելի մեծ ներուժ ներդնել դատական համակարգը բարելավելու նպատակով»,- ասել է Էրմինին:
«Դատական խորհրդի դերը խորհրդարանական ժողովրդավարության մեջ և հարաբերությունները մյուս սահմանադրական մարմինների հետ» խորագիրը կրող հանդիպման ընթացքում Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամները զեկույցներ են ներկայացրել իրենց երկրում դատական համակարգի գործունեության, ժողովրդավարական համակարգում բարձրագույն դատական խորհուրդների դերի ու նշանակության մասին: Հատկապես կարևորվել է դատարանների ու դատավորների անկախությունն ու այս գործում բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերակատարումը:
Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամների զեկույցներին հաջորդել է հարցուպատասխանը ներկաների հետ: