Թբիլիսիում անցկացվող բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները սուլել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետևից և անվայելուչ վանկարկումներ արել այն պահին, երբ նա դուրս էր գալիս երկրի օրենսդիր մարմնի շենքից ոչ հեռու տեղակայված ռեստորանից: Դեպքի վայրից հեռարձակումն իրականացրել է վրաց «Պիրվելի» հեռուստաընկերությունը:
Հաղորդվում է, որ Զուրաբիշվիլիի՝ ընկերների հետ ճաշի մասին ցուցարարներն իմացել են այն բանից հետո, երբ հաստատության ղեկավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նախագահի լուսանկարը:
Այս փաստը զայրացրել է մարդկանց. նրանցից ոմանք սկսել են բղավել, որ երկրում առկա ճգնաժամի ընթացքում պետության ղեկավարը պետք է զբաղվի դրա լուծմամբ, ոչ թե ճաշկերույթով:
Տեսնելով ռեստորան մուտք գործել կամեցող ցուցարարներին՝ Վրաստանի նախագահի թիկնապահները փակել են մուտքը, իսկ ոստիկանության լրացուցիչ ուժերը կազմակերպել են հատուկ միջանցք, որով Զուրաբիշվիլին մոտեցել է իր մեքենային: Ցուցարարները, սակայն, նրա ետևից սուլել են և «ծառա՛, ծառա՛» վանկարկել:
Այս պահին խորհրդարանի մոտ հանրահավաքն ավարտվել է: Տեղում շարունակում են 100-ից 200 հոգի ակտիվիստներ մնալ, որոնք վրաններ են տեղադրել, հատուկ էկրան կախել, որի վրա ֆիլմեր ու համերգներ կցուցադրվեն: Ոստիկանությունն էլ իր հերթին է շարունակում անվտանգության խիստ միջոցառումներ ձեռք առնել: