Նոյեմբերի 26-ին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին՝ տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքէջից:
Ողջունելով Արլեմ Դեզիրին, ով Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, նախարար Մնացականյանը գոհունակությամբ հայտնեց, որ տարբեր մակարդակներով նմանօրինակ կանոնավոր փոխշփումները վկայում են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և կառուցողական համագործակցության մասին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը մշտապես սատարում է գրասենյակի մարդկային և ֆինանսական կարողությունների ամրապնդմանը, առկա երկխոսության շարունակականության ապահովմանը: Նախարար Մնացականյանը նաև վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված բարեփոխումներին:
Նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դեզիրը մտքերի հանգամանալից փոխանակում ունեցան ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի շուրջ: ԱԳ նախարարն առանձնակի կարևորեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում խոսքի և մամուլի ազատության ապահովումը: