Եվրոպայի ռազմական ծախսերը գնալով աճում են, բայց ամերիկյան կորպորացիաներն են առավելագույն շահույթ ստանում դրանից՝ գրում է գերմանական Die Welt պարբերականը՝ վկայակոչելով AlixPartners խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունը:
«Կամ եվրոպական արտադրատեսակներն են շատ թանկ, կամ ներկա իրավիճակը սեփական պաշտպանական արդյունաբերության հանդեպ անվստահության ցուցիչ է»,- բացատրել է AlixPartners-ի փորձագետ Ստեֆան Օլը:
2018 թվականին եվրոպական երկրների պաշտպանական ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 256 միլիարդ եվրո, որից 38,5 միլիարդը բաժին է ընկնում Գերմանիային՝ աշխարհում ամենամեծ ռազմական ծախսեր անող տաս երկրներից մեկին: Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող 26 եվրոպական երկրներից 7-ն անցյալ տարի իրենց ՀՆԱ-ի 2%-ը ծախսել են պաշտպանության վրա, և դա այն դեպքում, երբ 2017-ին ընդամենը 3 նման երկիր կար:
AlixPartners-ի փորձագետների համոզմամբ՝ շուկայի մասնաբաժինը մեծացնելու համար եվրոպական ընկերություններն, առաջին հերթին, պետք է նվազեցնեն իրենց ծախսերը և հնարավորինս քիչ կենտրոնանան առանձին երկրների հատուկ պատվերների, օրինակ՝ բազմաֆունկցիոնալ Airbus A400m ինքնաթիռի արտադրության ուղղությամբ: Բացի այդ, եվրոպական երկրները պետք է հանդես գան, այսպես կոչված, արդյունաբերության համախմբմամբ, ինչը նույնպես կօգնի անվտանգության արդյունավետ ապահովման գործին:
Օրինակ՝ եվրոպական բանակներն օգտագործում են 37 տարբեր տանկեր ու հետևակային մարտական մեքենաներ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի բանակում դրանք ընդամենը 3 տեսակի են: Կամ՝ եվրոպացիները արտադրում են կործանիչների և ֆրեգատների 29 տեսակ, իսկ ամերիկացիները՝ 4:
«Եվրոպան պետք է նվազեցնի իր մարտական համակարգերի տեսականին: Հակառակ դեպքում՝ դրանց ֆինանսավորումը ապագայում անհնար կլինի»,-եզրափակել է Ստեֆան Օլը: