Ամերիկացի միլիարդատեր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նոյեմբերի 24-ին պաշտոնապես հաստատեց 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը՝ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու:
Չնայած գործարարը դեռ մանրամասն ծրագիր չի ներկայացրել, այնուամենայնիվ, CNBC-ն որոշակի կանխատեսումներ է արել ապագա ընտրարշավում այս թեկնածուի նախընտրությունների ու մերժումների վերաբերյալ՝ ելնելով Բլումբերգի քաղաքապետության 12-ամյա և վերջին տարիների հանրային գործունեությունից:
Դիտարկվում է, թե ինչպես էր Բլումբերգը Twitter-ում հիշեցրել, որ հենց իր գործունեության ընթացքում են ուսուցիչներն ամենաբարձրը վճարվել ամբողջ երկրում, որ դպրոցներն ավարտած ուսանողների քանակն ավելացել է 42%-ով, որ ռեստորաններում և բարերում արգելվել է ծխելը, որ փողոցներում արտանետումները կրճատվել են 14%-ով, սպանությունների թիվը կիսով չափ է կրճատվել, և ներդրվել են աղքատության հաղթահարման նոր ծրագրեր:
Բացի այդ, պաշտոնաթողությունից հետո, Բլումբերգն ահռելի արշավ է ծավալել՝ ԱՄՆ-ում զենքի պահպանության ու տարածման առկա օրենքների դեմ, պայքար է ծավալել բոլոր այն խոշոր ձեռնարկությունների դեմ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը, ընդվզել է ծխախոտի արդյունաբերության և այն ջանքերի դեմ, որով փորձում են երիտասարդներին ուղղորդել՝ էլեկտրոնային ծխախոտ գործածելու:
CNBC-ն կանխատեսում է, որ ընտրարշավի ընթացքում, ամենայն հավանականությամբ, Բլումբերգը կկենտրոնանա նաև իր ձևավորած մեկ այլ Շարժման՝ Beyond Carbon-ի հռչակած նպատակների վրա, տարփողելով վերականգնվող ռեսուրսների և էլեկտրամոբիլների անհրաժեշտությունը, այսպես կոչված, մաքուր էներգիայով աշխատող մաքուր տնտեսությունը:
Ըստ CNBC-ի՝ Բլումբերգն առողջապահության համատեքստում անպայման կհիշի նաև իր սիրելի «շաքարի հարկը», ինչն ամենևին դուր չի գա այնպիսի հսկաների, ինչպիսիք են Coca-Cola-ն ու PepsiCo.-ն: