ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը չափազանց բարձր է գնահատում ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների գործունեությունը՝ ուղղված մեր մեծ տարածաշրջանում անվտանգության հարցերի լուծմանը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ա. Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների կողմից աջակցության համար և ընդգծել, որ մեր երկիրը հատկապես հպարտանում է անցյալ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով և այդ ընտրությունների ընթացքում մեր սահմանած բարձր նշաձողով:
«Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ իրականում սա քաղաքակիրթ աշխարհի համար մի սովորական երևույթ է, մի նախապայման, որի վրա կառուցում են ժողովրդավարական հասարակությունը, բայց Հայաստանի համար սա մի աննախադեպ երևույթ էր և հիմա մեր քաղաքական իշխանությունը պիտի գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ինչպես այս ձեռքբերումը, այնպես էլ մեր բոլոր ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի լինեն»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը նշել է, որ ուրախ է մասնակցելու այս միջոցառմանը և իր համար շատ դրական փորձ է՝ տեսնելու Հայաստանում ընթացող բարեփոխումները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն ընդգծել է, որ իրենք պատրաստ են Հայաստանին աջակցել բոլոր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին, կուսակցությունների մասին օրենքին, դատաիրավական ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին: