Տեղեկատվության դարաշրջանի ամենամեծ մարտահրավերի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ միջազգային փորձագետների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկների փաթեթը ԵՄ ձեռքում է:
Թբիլիսիում նոյեմբերի 18-22-ը տեղի ունեցած համաժողովի նպատակն էր՝ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների, Արևմտյան Բալկանների և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի փորձը փոխանակող ռազմավարական հաղորդակցության փորձագետների, լրագրողների ու ԵՄ պաշտոնյաների համատեղ քննարկումների շնորհիվ գտնել առավել արդյունավետ ելքեր՝ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում:
Վրաստանի քաղաքական հարցերն առանցքային կարևորություն ունեն տարածաշրջանում: Վրաստանում ԵՄ դեսպանի, Վրաստանի կառավարության ներկայացուցիչների, պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների ժամանակ հատուկ շեշտադրմամբ անդրադարձ եղավ ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում ապատեղեկատվության վտանգներին, հնարավոր քաղաքական ազդեցություններին, բարձրորակ լրատվական միջոցների ապահովման անհրաժեշտությանը: Նման ձևաչափով համաժողով տեղի ունեցավ առաջին անգամ Վրաստանում: